ԻՄ ՁԵՌԱԳՈՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Փառատոն
Սեպտեմբերի վերջին շաբաթ-կիրակի օրերին միացեք մեզ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Հայաստանի արհեստների ամենամեծ փառատոնին։ Իմ ձեռագործ Հայաստան չորրորդ փառատոնը կներկայացնի ձեռագործ աշխատանքներ, որոնք ստեղծվել են Հայաստանի տարբեր մարզերում։ Այցելուները կարող են դիտել աշխատանքների պատրասման ստեղծագործական ընթացքը, մասնակցել վարպետաց դասերի, և իհարկե ձեռք բերել արհեստագործների վերջին հավաքածուները։
Իմ ձեռագործ Հայաստանը «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է, որն աջակցում է Հայաստանի մարզային համայնքներում ավանդական արհեստների վերականգման գործընթացին` փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն և այլն:
Իմ ձեռագործ Հայաստան արհեստների փառատոնը կազմակերպում է «Իմ Հայաստան» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրանակացվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Փառատոնի և ծրագրի գործընկերն է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն։

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ
Օր 1․ Սեպտեմբերի 11
11:00 – 12:00 Կավե զարդի պատրաստում
12:30 – 13:30 Տուֆի խճանկարի պատրաստում
14:00 – 15:00 Թաղիքագործություն
15:30 – 16:30 Կարպետագործություն
17:00 – 18:00 Կավի նկարազարդում
18:30 – 19:30 Ճյուղագործություն
Օր 2․ Սեպտեմբերի 12
10:30 – 11:30 Հրեշտակի պատրաստում
12:00 – 13:00 Քարի փորագրություն
13:30 – 14:30 1001 երանգ
15:00 – 16:00 Ծառապատում
16:30 – 17:30 Կարպետագործություն


ԱՐՀԵՍՏՆԵՐ

Գորգագործությունն ընտանեկան արհեստներից էր, որով գլխավորապես զբաղվում էին կանայք` միաժամանակ իրենց հմտությունը փոխանցելով մանկահասակ աղջիկներին։ Կարելի է ասել՝ այն բացառապես կնոջ արհեստ է եղել։ Վերջինս համարվում էր բարեպաշտ արհեստ, հատկապես գյուղերում, որտեղ յուրաքանչյուր տուն իր տորքն ուներ: Գորգերն ու կարպետները տարբեր գործվածքների տեխնիկաներ են պահանջում, սակայն կարող են հյուսվել նույն տորքի վրա: Ձեռագործ գորգերն ու կարպետներն ավանդական բնակարանի ներքին հարդարման կարևոր տարրերից են եղել, զարդարել են հատակն ու պատերը, գործածվել են որպես սենյակները կիսող վարագույր, ծածկոց, փռոց և այլն։

Տասնիներորդ դարի հայկական տանը բնորոշ էին բազում գործվածքներ՝ ժանյակներ և ասեղնագործ պարագաներ, որոնք հատկապես աչքի էին ընկնում հարսանիքների և տոների ժամանակ, երբ ընտանիքները ցուցադրում էին իրենց լավագույն ունեցվածքը: Գործվածքի ստեղծումը հասարակության մեջ կանանց համար արտահայտման քիչ ձևերից մեկն էր, քանի որ նրանք հիմնականում չունեին իրավունքներ կամ ազդեցություն: Գործվածքը «ձայն» հաղորդեց նրանց. բառերին փոխարինեցին «հանգույցները»: Այս ձեռագործ հմտությունները նաև կայունություն ապահովեցին ծանր ժամանակներում ՝ կանայք կարող էին վաճառել իրենց աշխատանքը, դրանք անվանելով «սև օրվա հաց»:

Խաչքարերը հատուկ են Հայաստանին. այստեղ դրանք ազգային խորհրդանիշ են համարվում: Խաչքարները հաճախ կանգնեցվում են կարևոր իրադարձություն, նշանակալի վայր նշանավորելու համար կամ ծառայում են որպես տապանաքար։ Բողբոջման և ծաղկունքի մոտիվներն ու նախշերը խաչքարին հատուկ առանձնահատկություններ են հաղորդում, որոնք այն վերածում են Կենաց ծառի մի նոր տարբերակի: Միջնադարյան խաչքարագործները սովորաբար հետևում էին տեղական դպրոցի ոճին, մինչդեռ ժամանակակից վարպետները պատրաստում են իրենց խաչքարերը՝ միավորելով տարբեր դպրոցների ոճեր: Այսօր խաչքարագործներն առավել հաճախ օգտագործում են փորագրման լեզուն՝ իրենց գեղարվեստական և փիլիսոփայական գաղափարներն արտահայտելու համար:

Փայտագործության արվեստը մեծապես աշխուժացրել է հայկական ավանդական տները, որոնք պարունակում էին բազմաթիվ փայտե բաղադրիչներ` ինչպես գմբեթավոր առաստաղներ ու սյուներ, այնպես էլ կիրառական կահույք, արկղեր, սնդուկներ, օրորոցներ, շերեփներ և գդալներ: Փայտագործները նաև զարդարում էին կենցաղային այնպիսի կենսական պարագաներ, ինչպիսիք են հացահատիկի տարրաները կամ օրորոցները, քանի որ զարդանախշերը ոչ միայն գեղագիտական բնույթ ունեին, այլ նաև պաշտպանում էին չար աչքից։ Այդ նպատակով փայտագործները հատուկ չարխափաններ են ստեղծել, որոնք կոչվում են դաղդղան։

Խեցեգործությունը հայկական հնագույն ավանդույթներից է, որը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Հնագույն բնակավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են ջրի, սննդի և գինու խոշոր անոթներ, որոնց վրա հաճախ հանդիպում են եղնիկների, ձկների, ծառերի, արևի և առասպելական արարածների՝ վիշապների և օձերի զարդանախշեր։
Տնային կավագործությունը բացառապես կանանց գործն էր, իսկ բրուտագործությունը՝ տղամարդկանց։ Այս հմտությունը նույնպես ավանդաբար փոխանցվել է ընտանիքի ներսում, սերնդեսերունդ։

Հայկական զարդարվեստի ավանդույթները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից։ Հայ կանայք միշտ սիրել են ոսկյա և արծաթյա զարդեր կրել` վզնոցներ, ականջօղեր, մատանիներ և ապարանջաններ։ Արծաթյա գոտին, որպես կատարելության նշան, ամուսնացած կնոջ հագուկապի անբաժանելի մասն է եղել։ Գոտիները զարդարված են եղել մարգարիտներով և այլ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով։ Հայկական զարդարվեստում իշխող են երկրաչափական, կենդանական ու բուսական նախշերը։ Օրինակ՝ ամենատարածված և ճանաչելի խորհրդանիշը նուռն է, ինչը հայկական առասպելաբանության մեջ առատություն և բերրիություն է խորհրդանշում։

Դարբնությունը Հայաստանում համարվում է «մայր արհեստ», քանի որ դարբինն էլ պատրաստում է կենսական նշանակության իրեր և գործիքներ այլ արհեստագործների համար։ Այն ժառանգաբար փոխանցվող և բացառապես տղամարդկային արհեստներից է։ Արհեստի ժառանգաբար փոխանցման ավանդույթն այսօր ևս պահպանվել է։ Հնագույն ժամանակներից դարբնությունը մեծ տեղ է գրավել հայոց ծիսական և սովորութային համակարգում։ Ըստ ավանդության, երբ Մասիս լեռան քարանձավում բանտարկված վիշապակերպ Արտավազդի շղթաները չափազանց բարակում էին, դարբինները, զնդանին մի քանի ծանր հարված հասցնելով, նորից ամրացնում էին դրանք։ Դարբնության մասին այս և այլ ավանդազրույցներն ու առասպելները դարբնին համեմատում են դիցաբանական և աստծու կերպարի հետ, ինչի արդյունքում էլ առաջացել է հետևյալ արտահայտությունը. «Դարբինը միակ մարդն է, ումից վախենում է սատանան»:

Տեքստիլը հայկական տնտեսության ավանդական ճյուղերից է։ Հնագույն ժամանակներում Հայաստանը հայտնի է եղել իր բնական թելերի և նուրբ գործվածքների արտադրությամբ։ Գործվածքները հյուսվել են տնային պայմաններում։ Այս գործվածքների և թելերի կիրառության նշանավոր ուղղություններից է հայկական տարազը։ Ըստ ավանդույթի՝ ձևարարները եղել են հիմնականում վարպետ-տղամարդիկ։ Կախված տարածաշրջանի աշխարհագրական դիրքից և տնտեսական վիճակից` տարազները կարվել են տարատեսակ գույների կտորներով, ձևվածքով և զարդարանքով։ Տարազը բաժանվել է նաև թագավորական, քաղաքային, գյուղացիական և եկեղեցական զգեստավորման՝ կախված դրա կրողից։

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
ԵՐԵԽԱՆԵՐ

Երեխաները կարող են մասնակցել փառատոնի բոլոր վարպետաց դասերին և դիտել զանազան
արհեստների ցուցադրություններ։
ՈՒՐ ԳԱԼ
ԳՈՒՄԱՐ

Ձեզ հետ վերցրեք բավարար կանխիկ գումար, քանի որ փառատոնի ընթացքում ոչ բոլոր արհեստագործները կարող են քարտ ընդունել։

Կայքը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
